21 ապրիլի 2017 - 13:49 AMT
Նախարար. Զինծառայության նոր ձևաչափը կքննարկվի ԱԺ-ում աշնանը

Հայկական բանակում ծառայելու ձևաչափում փոփոխությունների փաթեթը խորհրդարանում կներկայացվի 2017 աշնանը: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նախարարը մտադիր է այդ ծրագիրը մանրամասն քննարկել թիրախային լսարանի և բոլոր այն խմբերի հետ, որոնց վրա կանդրադառնան այդ նորամուծությունները` ուսանողներ, աշակերտներ, ռեկտորական կազմ։

«Մենք կփորձենք մինչև աշուն ամփոփել այդ քննարկումները, որպեսզի աշնանային նստաշրջանի ժամանակ ԱԺ-ում ես կարողանամ ներկայացնել դրանց արդյունքների վրա հիմնված մեր քաղաքականությունը»,- Սարգսյանը, մեջբերում է Sputnik Արմենիան։

Զինծառայության համակարգում նախատեսված առաջին ծրագիրը կոչվում է «Պատիվ ունեմ»։ Այդ պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ:

Երկրորդ ծրագիրը կոչվում է «Ես եմ»։ Այդ ծրագրով նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: