ՀՀ ոստիկանությունը կոշտ արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2016-ի հուլիսին ՊՊԾ գնդի օրերին ոստիկանության գործողությունների գնահատականը քննադատող զեկույցին:
Ոստիկանությունն իր ծավալուն անդրադարձում, մասնավորապես, հայտարարել է, որ ՄԻՊ առանձին մտքեր զուրկ չեն «զգացմունքայնությունից և վառ երևակայությունից», ինչի պատճառը, միգուցե, այն է, որ «պոպուլյարիզմի գայթակղությունը գերակշռել է հավասարակշռված ու արդարացի գնահատականներ տալու պարտականությանը»:
Ըստ ոստիկանության, օմբուդսմենի գրասենյակը չի հիշատակել «Ծռերի» կոչերը՝ զինվել, գրավել ոստիկանական բաժինները, զինաթափել ոստիկաններին, իսկ դիմադրողնեին չեզոքացնել «ըստ անհրաժեշտության»: Ոստիկանությունը նաև հայտարարում է, որ ուներ տեղեկություններ «Էրեբունի» օդանավակայանի ու բարձրաստիճան ոստիկանների ընտանիքների վրա հնարավոր հարձակման մասին: Ոստիկանությունը նշում է, որ ճգնաժամի օրոք ոչ բոլոր ցույցերն էին խաղաղ, իսկ իր բոլոր գործողությունները որակում է որպես «հակաահաբեկչական»:
«ՀՀ ոստիկանության նման գործողություններն ընդհանրական կերպով անօրինական որակելն առնվազն պրոֆեսիոնալ չէ», - ասվում է հայտարարությունում:
Ոստիկանությունը նաև «անհիմն» է որակում հարյուրավոր ձերբակալվածների իրավունքները խախտելու կամ լրագրողների ծեծը ոստիկանների կողմից արտոնված լինելու մասին ՄԻՊ հայտարարությունները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ հատուկ միջոցների կիրառումը ոստիկանության կողմից անհամաչափ էր: