30 հոկտեմբերի 2007 - 19:00 AMT
Հարվարդում Նախիջեւանի հայկական հուշարձաններին նվիրված ցուցահանդես է բացվելու
Նոյեմբերի 2-ին Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում` Հարվարդի Միջազգային եւ պետական հետազոտությունների կենտրոնում, բացվելու է Նախիջեւանի հայկական հուշարձաններին նվիրված ցուցահանդես: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ցուցահանդեսի կազմակոմիտեում, այն կազմակերպվում է Հարվարդի համալսարանին կից Դեւիսի անվան Ռուսական եւ եվրասիական հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ 2007 թվականի նոյեմբերի 19: Ցուցահանդեսին ներկայացվելու են լուսանկարչական նյութեր, որոնք հավաքվել են Նախիջեւանի հարցով առաջնակարգ պատմաբան փորձագետ Արգամ Այվազյանի եւ ճարտարապետության պատմաբան Սթիվեն Սիմի կողմից: Ցուցահանդեսի կազմակերպչի հրավերով երկու փորձագետներն էլ մասնակցելու են ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը, ինչպես նաեւ ցուցահանդեսի շուրջ կայանալիք հանդիպումների եւ քննարկումների շարքին: Ցուցահանդեսի բացման նախօրեին` Բոսթոնի արվարձան Բելմոնտի Հայկական հետազոտությունների ասոցիացիայի շենքում` Հարվարդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր, դոկտոր Ջեյմս Ռասելի գլխավորությամբ, կայանալու է Նախիջեւանի հայկական հուշարձանների վիճակին նվիրված քննարկում:

Զեկույցներով են հանդես գալու Այվազյանն ու Սիմը: Արգամ Այվազյանը նաեւ այցելելու է Կալիֆորնիա: Նոյեմբերի 11-ին` երեկոյան ժամը 6-ին, Գլենդելի հանրային գրադարանի շենքում նա ներկաներին ներկայացնելու է Ջուղայի հուշարձանների մասին հեղնիակային վավերագրական ֆիլմը եւ դասախոսություն է կարդալու Նախիջեւանի հուշարձանների անցյալի եւ ներկայի վերաբերյալ: Նոյեմբերի 15-ին` երեկոյան ժամը 7-ին, Նյու-Յորքում Սթիվեն Սիմը հանդիպելու է հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սուրբ Վարդան եկեղեցու շենքում: Ցուցահանդեսի եւ քննարկումների կազմակերպիչն է ճարտարագիտության դոկտոր Անահիտ Տեր-Ստեփանյանը, ֆոնդերը տրամադրել է կանադական ԿՈՊՐԻՄ ընկերությունը: