31 հոկտեմբերի 2007 - 14:05 AMT
ՀՀ կառավարությունն անելու է հնարավորը Ռուսաստանի հետ հարաբերությունները հետագայում եւս զարգացնելու համար
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես հետաքրքրված է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ամենատարբեր ոլորտներում, այդ թվում` ռազմական համագործակցության բնագավառում, երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների խորացմամբ: Ըստ վարչապետի, այդ փոխգործակցությունը միանգամայն բխում է մեր ազգային շահերից, եւ ՀՀ կառավարությունն այսուհետ եւս անելու է հնարավորը` այն ավելի ընդլայնելու եւ զարգացնելու համար:

ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, ելնելով պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների արդյունավետությունից, համոզվածություն է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա եւ կնպաստի հայ-ռուսական ռազմական փոխգործակցության առավել խորացմանը: Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը եւ ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմանն ու այդ համատեքստում` առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: