Ապրիլի 23-ին երևանյան խանութներից մեկում «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ արկղերի մեջ խնձորների լուսանկարը, այնուհետև՝ տեսանյութը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում: Ոմանք պնդում են, թե միայն դավաճանները կարող են ադրբեջանական արտադրության խնձոր ներկրել Հայաստան և վաճառել: Օգտատերերից շատերն էլ մեղադրում էին պատկան մարմիններին, որ թույլ են տվել նման մթերք հայտնվի հայաստանյան շուկայում:
Այս առթիվ ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ (ՍԱՊԾ) Նվարդ Առաքելյանը պարզաբանել է, որ ՍԱՊԾ-ն ծանոթ է բարձրացված խնդրին, և իրենց մասնագետներն արդեն զբաղվում են դրանով, հաղորդում է Aysor.am-ը:
«Այդ տեղեկության տարածումից անմիջապես հետո ամբողջ օրվա ընթացքում ՍԱՊԾ-ի մասնագետները շրջայց են կատարել խանութներով, որի արդյունքները ավելի ուշ կներկայացվեն», - ասել է Առաքելյանը:
Վերջերս Թուրքիայից Հայաստան էին ներկրվել նաև Karabax գրությամբ լոլիկներ: Ավելի ուշ Պետական եկամուտների կոմիտեին տեղեկացրել էր, որ սահմանին կանխվել է Karabax մակնշմամբ արկղերով մոտ 50 կիլոգրամ լոլիկի և վարունգի ներկրումը հանրապետություն: Ըստ աղբյուրի՝ օրինախախտը գյուղմթերքը փորձել է տեղափոխել խնձորով ծածկված արկղերում: