31 հոկտեմբերի 2007 - 14:21 AMT
Էրդողան. ԱՄՆ-ն մի դիրքորոշում է որդեգրել, որով փաստորեն աջակցում է քուրդ ահաբեկիչներին
Թուրքիան ակնկալում է ԱՄՆ-ից անհապաղ գործողություններ եւ աջակցություն այս պայքարին, հայտարարել է վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, ելույթ ունենալով երեքշաբթի խորհրդարանում: «Ամերիկացիները մի դիրքորոշում են որդեգրել, որը փաստորեն օգնում է քուրդ ահաբեկիչներին»,-ասել է նա:
«Թուրքիայի համբերությունը սպառվել է: Մենք բացահայտ կխոսքենք Ամերիկայի հետ, այդ թվում այն երկրներում, որոնք թաքցնում են ահաբեկիչներին, եւ այն միջոցների մասին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարելու համար»,-հայտարարել է Թուրքիայի կառավարության ղեկավարը, ի նկատի ունենալով նոյեմբերի 5-ին Վաշինգտոն կատարելիք իր այցը:
Իր խոսքում թուրք վարչապետը չի բացառել, որ ստեղծված իրավիճակը կարող է նաեւ խաղաղ հանգուցալուծում ունենալ: Նրա խոսքերով, Անկարան կշարունակի դիվանագիտական ջանքեր գործադրել քուրդ անջատողականների խնդիրը լուծելու համար, սակայն միեւնույն ժամանակ չի բացառում Հյուսիսային Իրաքում անդրսահմանային գործողության անցկացումը: «Մենք կշարունակենք կիրառել դիվանագիտական միջոցներ: Սակայն անխուսափելի է դարձել նաեւ ռազմական մեթոդների ակտիվ կիրառումը»,-ասել է Էրդողանը` հավելելով, որ Անկարան «պատշաճ աջակցություն չի ստանում ահաբեկչության դեմ պայքարում առաջատար միջազգային եւ տարածաշրջանային տերություններից»: Թե հատկապես որ տերություններից, Էրդողանը հարկ չի համարել նշել, հաղորդում է «Թրենդը»: