24 ապրիլի 2017 - 13:32 AMT
Նախագահը, կաթողիկոսը, վարչապետն ու ԱԺ նախագահը՝ Ծիծեռնակաբերդում

Նախագահ Սերժ Սարգսյանը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Հանրապետության նախագահն արարողությունից հետո այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ դիտել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացառիկ ցուցանմուշներն ու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման 50-ամյակին նվիրված ցուցադրության օրինակները:

ՀՀ նախագահին ուղեկցել են Ամենայն հայոց Գարեգիկ երկրորդ կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին:

Կարդացեք նաև՝ Կիպրոսի կառավարություն. Վերահաստատում ենք` աջակցում ենք Ցեղասպանության ճանաչմանը