24 ապրիլի 2017 - 20:16 AMT
Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն՝ Սլովակիայում

Ապրիլի 24-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում` Դանուբ գետի ափին տեղադրված հայկական խաչքարի մոտ, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն։

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի առջև ծաղկեպսակներ են դրել Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Անդրեյ Դանկոն, փոխխոսնակ Բելա Բուգարը, Տռնավայի նահանգապետ Տիբոր Միկուշը, Հայաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի և Ռուսաստանի դեսպանները։ Արարողությանը ներկա էին Սլովակիայի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Արարողությանը ելույթներ ունեցան խորհրդարանի խոսնակ Անդրեյ Դանկոն և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը (նստավայրը՝ Պրահա)։

Դեսպան Սեյրանյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ Հայոց ցեղասպանության անպատժելիության փաստը հնարավորություն է ստեղծել, որ դրանից հետո ևս տեղի ունենան մարդկության դեմ նոր հանցագործություններ։ Դեսպանը նաև անդրադարձավ Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և ցեղասպանությունների ժխտողականության քրեականցման գործընթացին՝ նշելով, որ շատ երկրների համար դա կարող է լավագույն օրինակ ծառայել։

102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: