26 ապրիլի 2017 - 14:04 AMT
ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Մոսկվայում

Ապրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը:

Սերգեյ Լավրովը, Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով, ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ապրիլի 19-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հնարավոր է, բայց ոչ հստակ: «Այդպիսի շփումների հավանականություն կա, բայց կոնկրետ պայմանավորվածություն չկա: Հենց որ լինի, անպայման կտեղեկացնենք այդ մասին»,-ասել էր նա:Զախարովան չէր բացառել, որ ղարաբաղյա կարգավորման ընթացքը կարող է քննարկվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա հանդիպմանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: