26 ապրիլի 2017 - 16:42 AMT
ՀՀ-ն 7 ոսկե մեդալով 2-ն է Դելֆյան խաղերում

Հայաստանի ներկայացուցիչները 16 մեդալ են շահել ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական XII Դելֆյան խաղերում: Այդ մասին ապրիլի 26-ին հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

XII Դելֆյան խաղերը տեղի են ունեցել Եկատերինբուրգում ապրիլի 18-23-ը: Մասնակցել են ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, ՌԴ, Տաջիկստանի և այլ երկրների ներկայացուցիչներ:

«Մեր երեխաների կատարողական արվեստն ուղղակի ապշեցրել էր մրցույթի ժյուրիին: ՀՀ-ն իր լավագույն ցուցանիշը գրանցեց՝ 7 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ», -հայտարարել է Պողոսյանը՝ հավելելով, որ թիմային հաշվարկում Հայաստանը երկրորդն է ՌԴ-ից հետո, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Ըստ նրա, Դելֆյան խաղերը մշակույթի ոլորտի Օլիմպիական խաղերն են, որոնց մասնակցում են երեխաներ և մինչև 25 տարեկան երիտասարդներ:

Խաղերն անցկացվում են ազգային բազմազան մշակույթների զարգացման և պահպանման, մշակութային ժառանգության բազմապատկման և միջմշակութային երկխոսությունների միջոցով երիտասարդության շրջանում այլ երկրների արվեստի նկատմամբ հետաքրքրության խթանման նպատակով: Դելֆյան խաղերը ծառայում են նաև երիտասարդության շրջանում հանդուրժողականության տարածման, նրանց ստեղծագործական հմտությունների կատարելագործման և ներդաշնակ զարգացման գաղափարներին:

ՀՀ-ն մասնակցում է Դելֆյան խաղերին 2002-ից: 2017-ին ՀՀ-ն ներկայացրել է 29 մասնակից 11 անվանակարգում: