26 ապրիլի 2017 - 18:37 AMT
Ավանդական ծաղկահավաքը՝ Ծիծեռնակաբերդում

Ապրիլի 26-ին ավանդական ծաղկահավաք է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում՝ Ծիխեռնակաբերդում:

Միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած մի շարք կամավորներ, բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ և ուսանողներ նոր շունչ են հաղորդել ապրիլի 24- ին Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր բերված հազարավոր ծաղիկների:

Միջոցառման շրջանակներում անմար կրակի մոտ բերված ծաղիկները հավաքվում են, ցողուններն առանձնացվում են ծաղկաթերթիկներից, որոնցից պատրաստվում է պարարտախառնուրդ՝ հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթիկներն առանձնացվում և օգտագործվում են թղթի վերամշակման համար, որոնք հետագայում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից օգտագործվում են բացիկների, հրավիրատոմսերի և նամակների պատրաստման նպատակով, ասվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Նախքան 2010 թվականը մոտ 2 տոննա ծաղիկներ հավաքվում և այրվում էին որպես աղբ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը այս խնդրի բնապահպանական լուծումն ապահովելու նպատակով նախաձեռնեց ծաղկահավաքի միջոցառումը, որը և սկսեց իրականացնել 2010 թվականից:

Ծաղկահավաքի նախաձեռնությունը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից Երկրի օր քարոզարշավի շրջանակներում իրականացվող հիմնական միջոցառումներից է, որն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ: