29 ապրիլի 2017 - 11:09 AMT
Հեղինակավոր ԶԼՄ-ները «Խոստումի» մասին. Ոգեշնչող պատում կամ անհամ մելոդրամա

Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» պատմական դրաման ապրիլի 27-ից ցուցադրվում է Հայաստանի կինոթատրոններում: Դեռ մեծ էկրան բարձրանալուց առաջ ֆիլմն արդեն դարձավ քաղաքական շահարկումների և սկանդալների առարկա, բազում վեճեր հարուցեց ու գրավեց ԶԼՄ-ների ուշադրությունը, իսկ աշխարհի ամենաազդեցիկ հանդեսներն ու թերթերը իրենց տպավորությունները ներկայացրեցին ֆիլմի մասին: PanARMENIAN.Net-ը հավաքել է ամենահեղինակավոր պարբերականների արձագանքները:

Թերի Ջորջի ֆիլմի սյուժեն հիմնված է երիտասարդ բժիշկ Միքայել Պողոսյանի (Օսկար Այզեք), նկարչուհի Աննա Կեսարյանի (Շարլոտտա լե Բոն) և ամերիկացի լրագրող Քրիս Մայերսի (Քրիստիան Բեյլ) սիրո պատմության վրա: Սիրային պատմությունը զարգանում է հայ բնակչության բռնագաղթի և Հայոց ցեղասպանության ֆոնին:

Հայազգի մեծ բարերար Քերք Քըրքորյանի ֆինանսավորմամբ նկարահանված ֆիլմը ԱՄՆ կինովարձույթում առաջին հանգստյան օրերին ընդամենը $4.1 մլն է հավաքել, մինչդեռ նկարահանման համար ծախսվել է 100 մլն դոլար: «Խոստումի» վարկանիշը Rotten Tomatoes-ում կազմել է 47 տոկոս:

Գրախոսությունների մեծ մասը հաստատում է, որ ֆիլմը որոշակի տեղեկություններ տալիս է 20 դարի սկզբի իրադարձությունների մասին, որոնք Թուրքիան ժխտում է մինչ օրս, սակայն այդ լուրջ թեման հետին պլան է մղվում՝ մնալով սիրային պատմության ստվերում: Քննադատները նաև բարձր են գնահատել Այզեքի խաղը:

Փիթեր Թրեվերսը The Rolling Stone-ից արժանին է մատուցում ֆիլմը ստեղծողներին, այդ թվում 2015-ին 98 տարեկանում վախճանված Քերք Քըրքորյանին, իր ավանդի համար: «Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, որը մինչ օրս հրաժարվում է որպես ցեղասպանություն ճանաչել այդ զանգվածային սպանությունները, այդպես է վարվում նաև ԱՄՆ-ն: «Խոստումը» չի հետապնդում այդ խնդիրը լուծելու նպատակ, սակայն թույլ է տալիս վեր հանել այն վայրագությունները, որոնք գուժում են Հիտլերի հայտնվելն ու Հոլոքոսթի էքզիստենցիալ սարսափը»,-ասում է Թրեվերսը:

Կինոինդուստրիայի մասին Variety ամերիկյան առաջատար շաբաթաթերթը գրում է, որ սիրո հորինված պատմությունը, որը կոչված է դրամատիզմ հաղորդելու 1915-ին հայերի հանդեպ Օսմանյան կայսրության սարսափելի վերաբերմունքին, «էպիկական ձանձրույթ է»:

«Այդ իրադարձություններն ավելիին են արժանի, քան անհամ մելոդրաման, որտեղ ժողովրդի ողբերգությունը պարտադրված է մնալ ոչ այնքան համոզիչ սիրային եռանկյունու ստվերում»,-գրում է պարբերականի գլխավոր կինոքննադատ Փիթեր Դեբրուջը:

New York Times-ը թեև ընդունում է Այզեքի և Բեյլի մեծ ավանդը, սակայն, նշում է, որ ֆիլմին պակասում է ջերմությունը: «Մենք ոչ մի վայրկյան չենք մոռանում այն մասին,որ մեր առջև դերասաններ են, սայլերի ու սովամահ լինող մարդկանց ետևում, պայթյունների որոտից զատ մեզ լսելի է կինոարվեստի մեքենայի աղմուկն ու տզզոցը»,- ասվում է Ժաննետ Կարուլիսի գրախոսության մեջ:

Ըստ Associated Press-ի, Հայոց ցեղասպանությունը ժամանակակից պատմության ամենաչուսումնասիրված դրվագներից է և միայն այդ փաստն արդեն բավականին գրավիչ է դարձնում ֆիլմը:

«Խոստումը» ձգձգված և գեղեցիկ պատում է Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայերի սպանության մասին»,-գրում է Լինդսի Բարը՝ հավելելով, սակայն, որ չնայած լավագույն մղումներին, «ֆիլմը չի կարողանում ճիշտ բացատրել և ի հայտ բերել, թե ինչը հանգեցրեց այն խայտառակ իրադարձություններին, որոնք Թուրքիան ժխտում է մինչ օրս»:

Փիթ Հեմմոնդը Deadline պարբերականից բնութագրում է ֆիլմը որպես ոգեշնչող և հետաքրքիր: Ըստ նրա, ուրախալի է տեսնել, որ այսօր ինչ-որ մեկը փորձել է այդպիսի մասշտաբի և այդ թեմատիկայով ֆիլմ ստեղծել $90-100 մլն բյուջեով: