27 ապրիլի 2017 - 10:27 AMT
«Թերի է ու միակողմանի». Թուրքիայի արձագանքը Չեխիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևի ընդունմանը:

Թուրքիայի ԱԳՆ-ն կոշտ քննադատության է ենթարկել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի որոշումն ու այն համարել անընդունելի, հաղորդում է թուրքական demokrathaber.org կայքը:

Ըստ թուրքական կողմի՝ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևի ընդունման շրջանակում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի կողմից ընթերցված նամակը «միակողմանի է ու պարունակում է մի շարք բացթողումներ»: Նշվում է, որ «պատմական դեպքերը» ներկայացված են խողաթյուրված, հաշվի չեն առնվում պատմաբանների տեսակետներն ու դիվանագիտական տեսանկյունից կոռեկտ չեն:

Նշվում է նաև, որ Թուրքիայի ԱԳՆ-ն իր դժգոհությունն է հայտնել Անկարայում Չեխիայի դեսպանին:

Ապրիլի 25-ի երեկոյան Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը Չեխիայի խորհրդարան էր ներկայացրել Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ռոբին Բյոնիշը։ Բանաձևին կողմ է քվեարկել 104 պատգամավոր։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ հայտնել էր. «Չեխիայի խորհրդարանը քիչ առաջ 104 ձայնով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»: