27 ապրիլի 2017 - 13:36 AMT
ՀՀ և Իրանի ՊՆ ղեկավարները Մոսկվայում քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում ընթացող Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցվել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև արցախյան հակամարտությանը։ Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծել են, որ խնդիրը ռազմական լուծում չունի։

Նույն օրը կայացել է նաև Վիգեն Սարգսյանի հանդիպումը Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչի հետ։ Ընդգծելով հայ և սերբ ժողովուրդների ընդհանրությունները, կողմերը համոզմունք են հայտնել, որ դա հրաշալի նախադրյալ է հայ-սերբական հարաբերությունների խորացման համար։

Մասնավորապես, նշվել է, որ համագործակցության մեծ ներուժ կա ռազմատեխնիկական, գիտահետազոտական, ռազմաբժշկական, ռազմակրթական և այլ ուղղություններով։ Որպես արդյունավետ փոխգործակցության օրինակ նշվել է միասնական գործունեությունը խաղաղապահ առաքելություններում։

Հայաստանի և Սերբիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են ակտիվացնել շփումները՝ առավել առարկայական դարձնելով քննարկումները երկկողմ փոխգործակցության խնդիրների շուրջ, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ավանդական դարձած համաժողովի այս տարվա քննարկումների առանցքում են գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները, մասնավորապես՝ միջազգային ահաբեկչությունը և լարվածության աճը Կորեական թերակղզում։ Առանձին հարթակներում քննարկվում են նաև Մերձավոր Արևելքում ծայրահեղականության և ահաբեկչության աճը, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները և այլն։