27 ապրիլի 2017 - 17:54 AMT
«Լուսավոր սահմանը»՝ Մատաղիսում. Բնակիչների տները կլուսավորվեն էներգախնայող լամպերով

«Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնությունը ապրիլի 23-ին մեկնել է Արցախի Մատաղիս գյուղ՝ լուսավորելու բնակիչների տները էներգախնայող լուսադիոդային (LED) լամպերով:

Գյուղին ընդհանուր տրամադրվել է 925 լուսադիոդային լամպ: Ինչպես նախորդ այցելությանների ընթացքում, այս անգամ ևս նախաձեռնության անդամները հանդիպել են համայնքի ղեկավարի և բնակիչների հետ, այցելել նրանց տներն ու տեղադրել լամպերը, ասվում է նախաձեռնության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մեկ տարի առաջ հրետակոծության տակ գտնվող Մատաղիսն այժմ ոչ միայն վերականգնվում, այլև ծաղկում է: Մեկ տարի առաջ թշնամու ռմբակոծությունից վիրավորված գյուղապետ Զավեն Անդրեասյանը, որն արդեն լիովին ապաքինվել է, նախաձեռնության անդամներին ներկայացրել է պատերազմից որոշ դրվագներ, ապա խոսել գյուղացիների և գյուղի վերականգնման մասին:

«Ապրիլյան պատերազմի պայթյունից տուժած տները, տանիքներն ու դպրոցն արդեն վերակառուցվել են: Թարթառ գետի վրա կառուցված երկու հիդրոէլեկտրակայաններն ու ձկնաբուծարանը, որոնք մի քանի տասնյակ աշխատատեղ են ապահովում, նույնպես արդեն գործում են: Մի խոսքով գյուղի կյանքը վերադառնում է իր բնականոն հունին»,- ասել է գյուղապետը։

Զավեն Անդրեասյանը նաև նշել է, որ պատերազմից հետո Մատաղիսում բնակիչների թիվը չի պակասել, ավելին՝ պատերազմից հետո Թալիշից շատ բնակիչներ են ներգաղթել և հաստատվել այնտեղ: Ուշագրավ է, որ կան ներգաղթողներ նաև Երևանից, ովքեր արդեն մի քանի ամիս է ինչ բնակվում են Մատաղիսում:

«Լուսավոր սահմանն» արդեն լուսավորել է Հայաստանի և Արցախի տասնմեկ գյուղերի տներ: Այս պահին հանգանակված գումարի չափը կազմում է մոտ 21 423 000 դրամ, որով գնվել է մոտ 10925 LED լամպ և բազում ընտանիքներ այժմ խնայում են ամսական մինչև 4000 դրամ: Նախաձեռնության նպատակը Հայաստանի և Արցախի սահմանամերձ բոլոր գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը թեթևացնելն է՝ փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյավճարները:

Նախաձեռնությունը բոլորին կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին հետևյալ հղումով՝ goo.gl/P10RVn