28 ապրիլի 2017 - 16:45 AMT
Թուրքիան նվազագույնի կհասցնի ֆինանսական մասնակցությունը ԵԽ-ին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան մտադիր է նվազագույնի հասցնել ֆինանսական փոխանցումները Եվրոպայի խորհրդի բյուջե:

«Մենք կնվազեցնենք մեր փոխանցումները ԵԽ բյուջե, նվազագույն գումարը կվճարենք: Քննարկվում է ԵԽ մեր պատվիրակության գործուղման անհրաժեշտության հարցը, կան նաև այլ քայլեր, որոնց մենք կարող ենք դիմել: Թող իմանան, որ նրանք ափսոսելու են կայացրած քաղաքական որոշման համար», -ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը TGRT հեռուստաալիքի վրա հղումով:

Նախարարը նկատի ուներ ԵԽԽՎ վերջերս կայացրած որոշումը Թուրքիայում քաղաքական և իրավական իրավիճակի մշտադիտարկման վերսկսման վերաբերյալ:

Հիշեցնելով, որ ԵՄ-ում բանավեճ է ընթանում Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների կասեցման մասին, Չավուշօղլուն հայտարարել է. «Խնդրեմ, կասեցրեք»:

«Եթե կարող եք, արեք դա: Մենք էլ կպատասխանենք ինչպես հարկն է: Մենք ԵՄ հետ համաձայնագիր ենք կնքել փախստականների վերաբերյալ, և եթե չստանանք այն, ինչ ուզում ենք ԵՄ հետ առանց վիզաների ռեժիմի մասով, ապա կչեղարկենք համաձայնագիրը»,-ասել է թուրք նախարարը՝ նշելով, որ Թուրքիայի ղեկավարությունը ճանապարհային քարտեզ ունի այդ զարգացումների համար:

«Մեր նախագահը շատ մտահոգված է Թուրքիայի հարցում ԵՄ մոտեցումներով: Նրանք միայն խոսում են, իսկ արդյունք չկա: Եթե հարկ լինի, հանրաքվե կանցկացնենք, որպեսզի ժողովուրդը որոշի, պետք է կասեցնել բանակցությունները, թե՝ ոչ: Եվ եթե գնանք դրան, ժողովուրդը կասի՝ կասեցրեք», - ասել է Չավուշօղլուն: