Ադրբեջանական խնձորը Հայաստանում է հայտնվել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից կաշառք վերցնելու արդյունքում:
Ինչպես հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը, համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու արդյունքում պարզվել է, որ այն ներմուծել են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք, ովքեր առևտուր իրականացնելու նպատակով պարբերաբար հատել են հայ-վրացական սահմանըև «մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության որոշ աշխատակիցների կաշառք տալու միջոցով ակնհայտ առևտրային քանակ հանդիսացող գյուղմթերքը ներկրել են հանրապետություն»:
Փաստի առթիվ հարուցվել է քրգործ՝ կաշառք ստանալու և ապօրինի ձեռնարկատիրության հատկանիշներով:
Ապրիլի 23-ին երևանյան խանութներից մեկում «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ արկղերի մեջ խնձորների լուսանկարը, այնուհետև՝ տեսանյութը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում:
Ավելի ուշ, Երևանի «Նոր Զովք» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում և մի շարք այլ խանութներում, Հակոբ Հակոբյան փողոցի Մերգելյանի շուկայի տարածքում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պատկանող միրգ-բանջարեղենի բազմաթիվ իրացման կետերում ադրբեջանական ծագման խնձորի խմբաքանակներ են հայտնաբերվել:
Պետեկամուտների կոմիտեն հայտարարել էր, որ դեռևս տեղեկություն չունի ՀՀ-ում հայտնված ադրբեջանական խնձորի մաքսանենգ ճանապարհով երկրում հայտնվելու վերաբերյալ: Ընթանում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով: