3 մայիսի 2017 - 13:44 AMT
Հայ ռեժիսորը կարող է մասնակցել Կաննի շրջանակում կազմակերպվող արարողությանը

Հայ նկարչուհի և ռեժիսոր, Berlinale Talents 2017 և Talents Sarajevo 2016 միջազգային նախագծերի մասնակից Օվսաննա Շեկոյանի Daddy կարճամետրաժ կինոնկարն ընդգրկվել է կարճամետրաժ կինոյի Nespresso Talents 2017 մրցույթի հավակնորդների կարճ ցուցակում: Մրցույթը կոչված է զարգացնելու և աջակցելու երիտասարդ տաղանդներին: Մրցույթի հաղթողը Կաննի փառատոնի շրջանակում կայանալիք արարողությանը մասնակցելու հնարավորություն կստանա:

Բաց քվեարկությունը Facebook և Twitter սոցցանցերի օգտատերերի համար ավարտվել է մայիսի 2-ին: 27-ամյա հայ ռեժիսորի ֆիլմից բացի կարճ ցուցակում ևս 14 կարճամետրաժ կինոնկար կա, որոնք նկարահանվել են ոչ ավանդական ուղղահայաց ձևաչափով: Մրցույթի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 19-ին:

Երկու հաղթողները €6.000-ական կստանան և կհրավիրվեն Nespresso Talents արարողությանը 2017-ի Կաննի կինոփառատոնի շրջանակում: Ամենապոպուլյար ֆիլմի հեղինակը կստանա €3.000 և հրավեր Կանն, իսկ ժյուրիի ընտրած ֆիլմի հեղինակը կստանա €2.000:

Nespresso-ն Կաննի կինոփառատոնի գործընկերն է 2007-ից, իսկ 2016-ից ընկերությունն առաջին անգամ դարձավ Բեռլինալե ամենամյա միջազգային կինոփառատոնի գործընկերը: Nespresso Talents-ը ստեղծագործական հարթակ է, որը կոչ է անում ֆիլմ ստեղծողներին դառնալ պատմությունների հեղինակը, որոնք կարող են աշխարհը ցույց տալ նոր տեսանկյունից՝ ուղղահայաց ձևաչափի ընկալմամբ: Մրցույթին մասնակցում են հեռանկարային ռեժիսորներն և ականավոր կինեմատոգրաֆիստներ: