7 նոյեմբերի 2007 - 13:19 AMT
Ռ.Քոչարյան. Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի կարող սակարկության առարկա լինել
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարծում թե իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մոտ է լիարժեք կարգավորմանը, թեեւ հավատում է նման հնարավորությանը: Այդ մասին այսօր նա հայտարարել է Ֆինլանդիայի մայրաքաղաքում, դասախոսությամբ ելույթ ունենալով «Ալեքսանդրովի ինստիտուտում», որը Հելսինկիի համալսարանի բաժանմունքն է, որ մասնագիտանում է ռուսական եւ արեւելաեվրոպական խնդիրների ուսումնասիրման վրա: Ըստ Քոչարյանի, հնարավոր է «խնդրի փուլային կարգավորում», սակայն այդ լուծումը պետք է փաթեթային լինի:

«Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի կարող սակարկության առարկա լինել, ոչ ոք սակարկության չի դնում իր ազատությունը, իսկ օտարի ազատության սակարկությունն անբարոյական է»,-հայտարարել է Հայաստանի նախագահը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը Ռոբերտ Քոչարյանը քննարկել է նաեւ Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի հետ բանակցություններում: Այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն է դարձվել 2008 թվականին Ֆինլանդիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում: «ԵԱՀԿ-ում իր նախագահության ժամանակ Ֆինլանդիան կփորձի նպաստավոր ուղու վրա դնել բանակցային գործընթացը»,-ասել է Հալոնենը:

Հայաստանի նախագահն իր հերթին նշել է, որ իր երկրում «սպասում են Ֆինլանդիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում եւ հիշեցրել է, որ ԵՄ-ում Ֆինլանդիայի նախագահության ժամանակ Հայաստանը ստորագրել է եվրոպական համագործակցության մասին ծրագրերը: Նշելով «Ֆինլանդիայի աջակից դերը»` Քոչարյանը կարծիք է հայտնել, որ «հարցերի մեծամասնության շուրջ մեր տեսակետները ԵՄ-ի հետ համընկնում են», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: