4 մայիսի 2017 - 16:37 AMT
Օդեսայում Ավետիք Իսահակյանին նվիրված հուշատախտակ է բացվել

Ապրիլի վերջում ուկրաինական Օդեսայում տեղի է ունեցել հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը: Հուշատախտակը տեղադրվել է Բունինի փողոցի թիվ 24 տան պատին, որտեղ մի ժամանակ ապրել է մեծ հայ բանաստեղծը:

Հուշատախտակի տեղադրման նախաձեռնողն է Օդեսայի մշակութային հիմնադրամ ՀԿ-ն:

Ավետիք Իսահակյանն ապրել է Օդեսայում 1898-ին: Նա Ուկրաինա էր աքսորվել որպես ցարական միապետության դեմ պայքարող «Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ:

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 7-ին Ալեքսանդրապոլ գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի անունը՝ Իսահակյան:

1897-ին լույս է տեսել Իսահակյանի բանաստեղծությունների առաջին` «Երգեր ու վերքեր» ժողովածուն: Այս և հետագա ժողովածուներում («Բանաստեղծություններ», 1903, «Հայրենի աղբյուրից», 1920, «Ալագյազի մանիներ», 1945) քնարական շնչով ու փիլիսոփայական խոհականությամբ գերիշխում են սերն ու կարոտը («Դարդս լացեք, սարի սմբուլ», «Սիրեցի, յարս տարան», «Էս ճամփեն ոլոր-մոլոր»), մայրական սիրո թեման («Մայրիկիս», «Դարդս սրտիս, աղքատ ու խեղճ»): Գրել է հայրենասիրական, ազատասիրական բանաստեղծություններ և պոեմներ, որոնք «Հայդուկի երգեր» խորագրով և Հայ-գուսան ստորագրությամբ տպագրվել են «Դրոշակ» (Ժնև) ամսաթերթում: Իսահակյանի ստեղծագործություններում ժողովրդի կենսական խնդիրները սերտորեն առնչվել են դարաշրջանի բարդ ու հակասական երևույթներին: