7 նոյեմբերի 2007 - 14:12 AMT
Ռ.Քոչարյան. Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու փորձերը «ոչ մի լավ բանի չեն հանգեցնի»
Հարավային Կովկասում վերջին տարիներին նոր խաղացողներ են հայտնվել, սակայն տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու փորձերը «ոչ մի լավ բանի չեն հանգեցնի», հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հանդես գալով «Ալեքսանդրովի ինստիտուտում» դասախոսությամբ իր երկրի եւ ընդհանուր առմամբ կովկասյան տարածաշրջանի կյանքի մասին:

«Ռուսաստանի դերի գնահատականը տարածաշրջանում կարող է տարբեր լինել: Սակայն օգտակար կլիներ չսրել իրավիճակը եւ դուրս չմղել այն երկրին, որն այդ տարածաշրջանում փորձ ու ազդեցություն ունի»: «Մեզ համար Ռուսաստանը կայունացնող գործոն է»,-ընդգծել է Հայաստանի նախագահը: Ընդ որում նա նշել է. «Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի փոխարինի Խորհրդային Միությանը եւ իշխող դեր չի տանի»:

Անդրադառնալով ռուս-հայկական հարաբերություններին` Ռ.Քոչարյանը «լավ զարգացած է» անվանել դրանք եւ նշել է, որ նրանք ներառում են «եւ ակտիվ քաղաքական երկխոսությունը, եւ տնտեսությունը, եւ ռազմա-տեխնիկական համագործակցությունը»: Նրա խոսքերով, Ռուսաստանը դառնում է խոշորագույն ներդնողը Հայաստանում: «Երկկողմ հարաբերություններում ամեն ինչ բավականաչափ դրական է ընթանում»,-փաստել է Հայաստանի նախագահը: Դրա յուրօրինակ հաստատումն էր նրա ելույթը Հելսինկիում` պաշտոնական ելույթը նա ընթերցեց անգլերեն, իսկ մասնակիցների` Ֆինլանդիայի գիտական հանրության, Ֆինլանդիայում հայ համայնքի ներկայացուցիչների, լրագրողների հարցերին պատասխանեց ռուսերեն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: