7 նոյեմբերի 2007 - 16:56 AMT
Հրանտ Դինքի զավակները լքել են Թուրքիան
2007 թվականի հունվարի 19-ին սպանված «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի որդի Արատ Դինքը ընտանյոք հանդերձ մեկնել է Թուրքիայից եւ տեղափոխվել Բրյուսել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Նիդերլանդների հայ համայնքների դաշնության (FAON) մամլո քարտուղար Ինգե Դրոստը: Նրա խոսքերով, անցյալ տարի Հրանտ Դինքի դուստրը տեղափոխվել է Հաագա` մշտական բնակության:

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Արատ Դինքը մեկնել է, քանի որ «նրան եւ նրա ընտանիքին վտանգ էր սպառնում»: Հոկտեմբերին Արատ Դինքը դատապարտվել է Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով մեկ տարվա պայմանական ազատազրկման երկրորդ անգամ Հրանտ Դինքի այն հարցազրույցի հրապարակման համար, որում խոսվում էր Հայոց ցեղասպանության մասին, ինչը թուրքական օրենքներով հանդիսանում է «ազգային արժանապատվության անարգանք»: