5 մայիսի 2017 - 13:00 AMT
ԵՏՄ-ում մտադիր են մաքսազերծ ներմուծման շեմը նվազեցնել մինչև €500

Անձնական սպառման նպատակով ԵՏՄ երկրների տարածք առանց մաքսի գանձման ներմուծվող ապրանքների արժեքը €1500-ից կնվազեցվի մինչև €500: Այդ մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) փաստաթղթի նախագծում:

Ենթադրվում է, որ նվազեցումն աստիճանաբար կլինի՝ 2017-ին և 2018-ին այն նույնը կմնա, 2019-ին՝ կկազմի €1000, 2020-ին՝ €750, իսկ 2021-ից սկսած՝ €500:

Բացի այդ, ըստ փաստաթղթի, կնվազեցվի առանց մաքսի ներմուծվող ապրանքների առավելագույն թույլատրելի քաշը: Ներկայիս 50 կգ այն կնվազի մինչև 25կգ 2021-ին: Բոլոր այդ փոփոխությունները կառնչվեն այն քաղաքացիներին, որոնք մուտք են գործելու ԵՏՄ տարածք ցամաքային տրանսպորտով՝ ավտոմեքենայով, ավտոբուսով, գնացքով և նավով: Բացի այդ, խոսքը բացառապես անձնական օգտագործման ապրանքների մասին է, հայտնում է ՌԲԿ-ն::

Ինքնաթիռով տեղափոխման դեպքում անձնական օգտագործման բեռների առավելագույն քաշն ու արժեքը նույնը կմնան՝ համապատասխանաբար 50 կգ և 10.000 եվրո: