Մի քանի ամսվա ընթացքում հանրապետությունում կներդրվի նոր տրանսպորտային համակարգ՝ առանց գծատերերի: Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով.
«Գծատերեր չենք ունենա, կունենանք օպերատոր»,- մեջբերում է Aysor.am-ը։
Նա նաև տեղեկացրել է, որ լինելու է մեկ միասնական էլեկտրոնային տոմս։
«Մինչև հունիսի կեսերը կունենանք նոր տրանսպորտային համակարգի տեխնիկական առաջադրանքը», - ասել է նախարարը՝ նշելով, որ քննարկման փուլում է միասնական համակարգի մեքենաների որակի ու սպասարկող օպերատորների հարցը։
«Պետք է լինի մեկ կամ մի քանի պատասխանատու օպերատոր», - ասաց Վահան Մարտիրոսյանն՝ նշելով, որ Հանրապետությունը, հավանաբար, կբաժանվի շրջանների:
Կառավարության ապրիլի 20-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ճանապարահաշինության ու միասնական ցանցի վերաբերյալ մի քանի հանձնարարական է տվել։Նա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարել է մեկամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը։
Կարդացեք նաև. Հայաստանում վճարովի ճանապարհներ կարող են հայտնվել