8 նոյեմբերի 2007 - 15:18 AMT
Հայաստանի եւ Լիտվայի ԱԳՆ ղեկավարները հուշագիր են ստորագրել եվրաինտեգրման ոլորտում համագործակցության մասին
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Լիտվայի ԱԳ նախարար Պետրաս Վայտիեկունասի հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձան վրաստանյան իրադարձություններին: Մտահոգություն հայտնելով առկա լարվածությամբ եւ կարեւորելով Վրաստանի կայունությունը, Վ.Օսկանյանը ընդգծեց, որ ԵՄ-ի եւ եվրոպական այլ կառույցների հետ համագործակցության զարգացումը, ինտեգրացիոն գործընթացների խորացումը կնպաստի տարածաշրջանի երկրներում քաղաքական համակարգերի կայունացմանը, իշխանություն-ընդդիմություն կառուցողական երկխոսության մշակույթի ձեւավորմանը:

Վարդան Օսկանյանն մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի վերջին զարգացումները: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում նաեւ տարածաշրջանի էներգետիկ անվտանգության խնդիրների շուրջ: Հանդիպմանը հաջորդեց «Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ եվրաինտեգրման հարցերում համագործակցության մասին» հուշագրի ստորագրման արարողությունը եւ համատեղ մամուլի ասուլիսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: