6 մայիսի 2017 - 12:46 AMT
ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը սեպտեմբերին կայցելի ՀՀ

ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը սեպտեմբերին կայցելի Հայաստան: Այդ մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն։

«Սեպտեմբերին Հայաստան է նախատեսում այցելել կոնգրեսականների պատվիրակություն, և եթե իմ ընտրատարածքում որևէ կարևոր բան տեղի չունենա, որը կպահանջեր իմ ներկայությունը, հույս ունեմ՝ կայցելեմ Հայաստան այդ շրջանում»,- ասել է նա և հավելել. «Երբ Հայաստան էի մեկնել նախագահական պատվիրակության կազմում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինձ բոլորն ընդունում էին գրկաբաց: Ես ինձ զգում էի ինչպես հարազատ ընտանիքում»:

Կոնգրեսականը խոսել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից, նշել, որ դեռ Կոնգրեսում հաջողության չեն հասցրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:

«Այդ գործը դեռևս անավարտ է և ես հանգիստ չեմ ունենա մինչև մեր երկիրը չճանաչի այդ, որովհետև պատմության առումով մենք գիտենք, որ երբ որևէ բան ճանաչված չէ, նշանակում է՝ այն ուղղակի գոյություն չունի: Եվ դա անընդունելի է: Կարծում եմ՝ մեր երկիրը բավականին հզոր է, որ դիմակայի, այսպես կոչված, հսկայական ընդդիմությանը, որն իրականում այնքան էլ հսկայական չէ»,- ասել է Էշուն:

Կարդացեք նաև՝ ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Թրամփին պատշաճ կերպով հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը