6 մայիսի 2017 - 16:06 AMT
ԱՀ ՊՆ. Հայկական կողմի լայնամասշտաբ սադրանքների մասին լուրն ապատեղեկատվություն է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ մայիսի 5-ի երեկոյան տարածած տեղեկատվությունն այն մասին, թե իբր Թերթերի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ հայկական հետախուզական ծառայությունների ուժերը և հատուկ նշանակության մարմինները ծրագրավորել են լայնամասշտաբ սադրանքներ, ինչն ադրբեջանական կողմի ձեռնարկած էֆեկտիվ և կանխարգելիչ գործողությունների արդյունքում ժամանակին բացահայտվել ու կանխվել է, հերթական հերյուրանքն է և իրականությանը չի համապատասխանում:

«Արձանագրենք, որ նման ապատեղեկատվություններ տարածելով, հակառակորդ կողմը անհաջող կերպով փորձում է պարտակել իր զինված ուժերում առկա ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով հաճախակի առաջացող մահացու ելքերով դեպքերը:

Ավելին՝ եթե ադրբեջանական կողմը այդքան վստահում է իր տարածած տեղեկատվության հավաստիությանը, առաջարկում ենք հրավիրել միջազգային կառույցների ներկայացուցիչների՝ հետաքննություն անցկացնելու և նշված հաղորդագրության իսկությունը պարզելու համար», - ասված է ԱՀ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Մայիսի 5-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի Աշաղի Աբդուրահմանլի բնակավայրի մոտ տեղակայված մարտական հենակետերից մեկում ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից արձանագրվել է հակառակորդի զինծառայողների միջև փոխհրաձգության ձայներ, այնուհետև նռնակի պայթյուն:

Այս մասին մայիսի 5-ին հայտնեց Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Վերոնշյալ միջադեպի արդյունքում հակառակորդ կողմը հավանաբար կունենա կորուստներ, որոնց մասին ավանդույթի համաձայն նախընտրում է չհայտարարել: Չի բացառվում նաև, որ ադրբեջանական էլիտան, իր երևակայությանը բնորոշ շեշտադրումներով, ամենայն հավանականությամբ կփորձի կատարվածի արդյունքում տեղ գտած կորուստները վերագրել հայկական կողմին»,- ասվում էր հաղորդագրությունում: