10 մայիսի 2017 - 10:28 AMT
Մոսկվայում հայերն ու ադրբեջանցիները վիճել են «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ

Մայիսի 9-ին Մոսկվայում «Անմահ գունդ» ավանդական քայլերթի ժամանակ հայերի ու ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել:

Երթի ժամանակ հայկական համայնքի ներկայացուցիչները բացականչել են «Արցախ»՝ ծածանելով Արցախի Հանրապետության դրոշը։ Ադրբեջանցիները փորձել են խլել դրոշը, ինչի համար ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև, հաղորդում է Newsru.com–ը:

Նշվում է, որ կռվին երկու կողմից էլ տասնյակ մարդիկ են մասնակցել: Սկզբում հնչել են հայհոյանքներ, այնուհետև սկսել են տարբեր իրեր միմյանց ուղղությամբ գցել:

Ոստիկանությունը միջամտել և իրարից բաժանել է կռվարարներին, սակայն, աղբյուրի հաղորդմամբ, հայերին այնուամենայնիվ հաջողվել է մի քանի ադրբեջանցու ծեծել։

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված «Անմահ գունդ» ավանդական քայլերթի ժամանակ մարդիկ տանում են Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հարազատների լուսանկարները: Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին, Մոսկվայում հազարավոր մարդիկ են մասնակցել քայլերթին: Հատկապես մեծ է եղել երիտասարդների թիվը:

Ավելի վաղ PanARMENIAN.Net-ը գրել է, որ Սանկտ Պետերբուրգում ադրբեջանական երիտասարդական միության անդամները հարձակվել են Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակին նվիրված «Անմահ գունդ» ակցիային մասնակցող հայկական շարասյան վրա: