10 մայիսի 2017 - 17:35 AMT
ՎԶԵԲ-ը բարելավել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը մինչև 2.5%

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բարելավել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը 2017-ի համար 0.5%-ից մինչև 2.5%:

Ըստ կանխատեսումների, 2017-ին ՀՀ տնտեսական աճը կկազմի 2.5%, իսկ 2018-ին՝ 3%:

ՎԶԵԲ-ը գործում է աշխարհի 36 երկրում:

ՀՀ ՀՆԱ աճը 2016-ին դանդաղել էր՝ նվազելով մինչև 0.2% 2015-ի 3%-ի համեմատ, ինչը պայմանավորված էր ակտիվության նվազմամբ շինարարության ոլորտում և գյուղատնտեսությունում, ասվում է բանկի զեկույցում:

«2017-ին ակնկալվում է զգալի ֆինանսական կոնսոլիդացիա՝ կրճատելու համար պետական պարտքը ՀՆԱ հանդեպ, որը հասել է ՀՆԱ 57%-ի»,-ասվում է զեկույցում:

Զեկույցում ասվում է նաև, որ 2017-ի առաջին եռամսյակում ՀՀ տնտեսական ցուցանիշները աճի միտումներ են գրանցել արդյունաբերության, արտաքին առևտրի, ծառայությունների ոլորտներում, մինչդեռ ցուցանիշները ցածր են մնացել շինարարության և գյուղոլորտում:

ՎԶԵԲ-ը նվազեցրել է ՀՆԱ աճի կանխատեսումը Թուրքիայի և Ադրբեջանի համար համապատասխանաբար 0.4% և 1.5%-ով՝ մինչև 2.6% և բացասական 0.5% 2017-ին:

Ավելի վաղ ՄԱԿ-ի «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հետազոտություն 2017» զեկույցում նշվել էր, որ Հայաստանի տնտեսական աճը 2017-ին կավելանա մինչև 2,5 տոկոս, իսկ 2018 թ.-ին` մինչև 3 տոկոս: ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ Ռուսաստանում ակնկալվող տնտեսական աճը պետք է օգնի ակտիվացնել դեպի Հայաստան իրականացվող դրամական փոխանցումները, որոնց բաժին է հասնում Հայաստանի ՀՆԱ-ի 13 տոկոսը:

Ըստ ՀՀ պետբյուջեի, ՀՆԱ աճը 2017-ին կկազմի 3.2%: ՀԲ-ն Հայաստանի համար կանխատեսել էր 2.7% տնտեսական աճ, ՄԱԿ-ը՝ 2.7%, Fitch-ը՝ 2.1%: