10 մայիսի 2017 - 17:20 AMT
Պետերբուրգի հայերը պատրաստ են արժանի պատասխանել ադրբեջանցիներին նաև դատարանում

Պետերբուրգի հայ համայնքը պատրաստ է հայցով դիմել դատարան՝ մայիսի 9-ին «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ ադրբեջանցիների հարձակման կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ինասաց Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը:

Սանկտ Պետերբուրգում ադրբեջանական երիտասարդական միության անդամները հարձակվել են Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակին նվիրված «Անմահ գունդ» ակցիային մասնակցող հայկական շարասյան վրա: Այս մասին դեպքի վայրից հայտնել էին պետերբուրգյան հայկական երիտասարդական «Նոր սերունդ» կազմակերպության անդամները:

«Ինչ եղել, եղել է: Նրանք, հավանաբար, դատարան կդիմեն, մենք պատրաստ ենք պատասխանել: Հիմա շատ կարևոր է չսրել և չբարդացնել իրավիճակը և բոլոր վեճերը տեղափոխել դատարան, լուծել ՌԴ օրենսդրության շրջանակում», - ասաց Կարեն Մկրտչյանը:

Իր հերթին Պետերբուրգի հայկական երիտասարդական «Նոր սերունդ» կազմակերպության նախագահ Ֆիլիպ Դավիդովն ասաց, որ ադրբեջանցիների գործողությունները նախապես պլանավորված էին:

«Ինչպես կարելի էր սպասել, ադրբեջանցիներն իրենց ոճում էին գործում՝ պատերազմը տեղափոխելով տեղեկատվական դաշտ: Նրանք օգտագործում են տեղական ԶԼՄ-ները բացահայտ սուտ տեղեկություններ տարածելու համար: Օրինակ, նրանք ասել են, թե 30 հայի են ծեծել՝ միաժամանակ սպառնալիքներ տեղալով մեր հասցեին, թե դատի կտան հայերին իրենց ակտիվիստներին ծեծելու համար, որ ունեն բժշկական տեղեկանքներ: Մենք սովոր ենք այդ վարքագծին, նրանք արդեն 20 տարի է՝ այդպես են վարվում»,- ասացԴավիդովը:

Սադրանքի արդյունքում փոքր բախում է եղել է ադրբեջանցիների ու հայերի միջև Նևսկի պողոտայում, որից հետո իրավապահները ձերբակալել են ադրբեջանցի սադրիչներին, հայերի թվում ձերբակալվածներ չկան:

Ըստ նրա, ստեղծված իրավիճակը տարբերվում է նրանով, որ այս անգամ ադրբեջանցիները արժանի հակահարված են ստացել:

«Հատկանշական է, որ հայ երիտասարդների կողքին կանգնեցին նաև տարեցները՝ պաշտպանելու համար իրենց դրոշը (Արցախի դրոշը), իրենց արժանապատվությունը: Այն կնոջ ամուսինը, որին գցել էր ադրբեջանցիների կազմակերպության նախագահի տեղակալ Զուլֆիգար Իսմաիլովը, գործի է դրել իր պապի դիմանկարը, որը ձեռքին էր», -ասել է Դավիդովը:

Իսկ դրոշը փորձել էր պոկել ադրբեջանցիների երիտասարդական կազմակերպության նախագահ Զաքիր Նաբիզադեն:

Նրան ճանաչել էին «Նոր սերունդ» կազմակերպության ակտիվիստները:

Դավիդովը պատմեց նաև, որ ադրբեջանցիները բողոքել են ոստիկաններին, թե ակցիայի մասնակից հայերը ծածանում են Արցախի դրոշը, և խնդրել են առգրավել այն:

«Դա չի ազդել ոստիկանների վրա, քանի որ մեր դրոշը արգելված խորհրդանիշ չէ: ԼՂՀ դրոշը պարզված էր «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ, քանի որ այնտեղից են ծնունդով ԽՍՀՄ մարշալներ ու հերոսներ», - ասաց Դավիդովը:

«Հայերն ինչ-որ բան ապացուցելու կամ սադրելու կարիք չունեն, մեր հայրերն ու պապերն ամեն ինչ ապացուցել են 25 տարի առաջ պատերազմում: Ադրբեջանցիներին, որոնք իրենց ազգային հերոս են կարծում մայիսի 9-ի միջադեպից հետո, խորհուրդ եմ տալիս զինվորական համազգեստ հագնել ու շփման գիծ գնալ: Ադրբեջանցի երիտասարդներն ակնհայտորեն գործում էին ավելի տարեցների հրահրումով՝ չհասկանալով, որ գործիք են դառնում նրանց ձեռքին: Ուզում եմ բոլորն իմանան՝ եթե որևէ մեկը ոտնձգությոն կատարի մեր հայրենիքի, մեր խորհրդանիշների դեմ, մենք միշտ արժանի պատասխան կտանք, ինչպես դա արեցինք մայիսի 9-ին»,- ասաց Դավիդովը:

Սանկտ Պետերբուրգի հայ համայնքն ամեն տարի մասնակցում է «Անմահ գունդ» ակցիային՝ Հայաստանի և Արցախի, Մեծ հայրենական պատերազմի հերոսների դիմանկարներով:

Фото: Роберт Григорян