11 մայիսի 2017 - 18:46 AMT
ԼՂ օմբուդսմենը՝ Հունգարիայում. Սաֆարովի հերոսացումը դրսևորվել է ապրիլյան պատերազմի վայրագություններում

ԼՂ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը Հունգարիայում անդրադարել է հայ լեյտենանտին սպանած Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին:

Մելիքյանը Հունգարիայի խորհրդարանում հայկական ինքնավարության ներկայացուցիչ Թամաշ Թուրգյանի հետ հարցազրույց է տվել Հունգարիայի հանրային ռադիոյով հեռարձակվող հայկական ինքնավարության հաղորդմանը։

Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին՝ Մելիքյանն ընդգծել է դրա պատճառական կապը ապրիլյան պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունների հետ։

Մելիքյանը մասնավորապես նշել է, որ Սաֆարովի հերոսացումը ուղեկցվել է նրա հանցանքը երիտասարդների համար օրինակելի դարձնելու պետական խրախուսմամբ, ինչն իր դրսևորումն է ստացել 2016 թվականի ապրիլին։

Ղարաբաղի օմբուդսմենը ասել է նաև, որ Լեռնային Ղարաբաղում հիշում են Հունգարիայի այն հազարավոր քաղաքացիներին, ովքեր բողոքի ձայն բարձրացրեցին Սաֆարովին արտահանձնելու որոշման դեմ:

2004-ի փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006-ի ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005-ի փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի: