12 մայիսի 2017 - 11:45 AMT
ՀՀ առաջարկով ԵՏՄ-ում վտանգավոր ապրանքների մասին իրազեկման համակարգ կստեղծվի

Հայաստանի առաջարկով Եվրասիական տնտեսական միության շրջանակում կստեղծվի վտանգավոր ապրանքների մասին իրազեկման համակարգ: Խոսքն այն ապրանքների մասին է, որոնք կարող են վնասել մարդու առողջությանը, գրում է «Իզվեստիան»:

Համապատասխան համաձայնագրի նախագիծը ներպետական համաձայնեցման փուլ է անցել ԵՏՄ անդամ երկրներում:

Երկրում վտանգավոր ապրանքի հայտնաբերման դեպքում հնարավոր կլինի ոչ միայն ապրանքը հետ բերել խանութներից, այլ նաև զգուշացնել ռիսկերի մասին հարևան պետություններին՝ ստեղծվող համակարգի օգնությամբ: Օպերատորները կլինեն սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող մարմինները: Եվրոպայում նմանատիպ համակարգեր արդեն իսկ գործում են:

ԵՏՀ-ում ասել են, որ համաձայնագրի նախագիծն արդեն պատրաստ է: ԵՏՄ շրջանակում համաձայնագրով նախատեսվում է «անհապաղ ստուգումներ իրականացնել, եթե խոսքը մարդու առողջությանը կամ կյանքին վնասելու մասին է, ինչպես նաև կենդանիներին, բույսերին ու շրջակա միջավայրին վնասելու դեպքում: Համաձայնագիրը նախատեսվում է հաստատել մինչև տարեվերջ: Փաստաթղթի մշակողն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: