Գյուղատնտեսական տարբեր ապրանքների, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձորի ապօրինի ներմուծման և ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի ևս մեկ մաքսային տեսուչ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ վերջինս ձերբակալվել է անհատ ձեռնարկատիրոջից կաշառք ստանալու և նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու կասկածանքով: Ըստ նախաքննության նյութերի` մաքսային տեսուչը կաշառքի դիմաց հիշյալ անձին թույլ է տվել սահմանված կարգի խախտմամբ միրգ-բանջարեղեն ներկրել հանրապետություն:
Մինչ այդ Հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները որոշ անհատ ձեռնարկատերերի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար խմբի կազմում` նախնական համաձայնությամբ նրանցից կաշառք են ստացել, որի հետևանքով առանց մաքսային ձևակերպումների և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների Բագրատաշենի մաքսակետով ներկրվել է օրենքով սահմանված թույլատրելի չափաքանակը գերազանցող (50 կգ) տարբեր տեսակի միրգ-բանջարեղեն:
Նախաքննությունը շարունակվում է:
Նույն գործի շրջանակում կալանավորվել էին ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչը և նույն բաժանմունքի հերթափոխի պետը ներգրավվել են որպես մեղադրյալներ. վերջիններս կալանավորվել են:
Ապրիլի 23-ին երևանյան խանութներից մեկում «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ արկղերի մեջ խնձորների լուսանկարը, այնուհետև՝ տեսանյութը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում:
Ավելի ուշ, Երևանի «Նոր Զովք» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում և մի շարք այլ խանութներում, Հակոբ Հակոբյան փողոցի Մերգելյանի շուկայի տարածքում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պատկանող միրգ-բանջարեղենի բազմաթիվ իրացման կետերում ադրբեջանական ծագման խնձորի խմբաքանակներ են հայտնաբերվել:
Պետեկամուտների կոմիտեն հայտարարել էր, որ դեռևս տեղեկություն չունի ՀՀ-ում հայտնված ադրբեջանական խնձորի մաքսանենգ ճանապարհով երկրում հայտնվելու վերաբերյալ: Ընթանում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով: