12 նոյեմբերի 2007 - 18:58 AMT
ԵԽՆԿ-ի ղեկավարը մտադիր է մոտ ապագայում այցելել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի (ԵԽՆԿ) նոր ղեկավար, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը մտադիր է մոտ ապագայում այցելել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: «Առաջին հերթին ինձ անհրաժեշտ է լավ ծանոթանալ հակամարտությունների ոլորտում տիրոց իրավիճակին Եվրոպայի Խորհրդի երկրների տարածքում: Ուստի առաջիկայում ես պետք է այցելեմ տարածաշրջան»,-հայտարարել է Յան Կուբիշը Ստրասբուրգում կայացած մամլո ասուլիսում:

Երկուշաբթի Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության փոխանցումը Սերբիայից Սլովակիային: Կուբիշը, որպես այդ երկրի արտգործնախարարության ղեկավար, կգլխավորի Նախարարների կոմիտեն հաջորդ տարի:

Նախարարն ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ մեկտեղ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին մասնակցում են նաեւ ՄԱԿ-ը եւ Եվրոպայի Խորհուրդը: «Եվ ես պետք է հարգանքով վերաբերվեմ այլ կազմակերպությունների ջանքերին, որոնք նույնպես զբաղվում են այս հարցով»,-ասել է Կուբիշը: Նախարարը չի ճշտել, թե հատկապես երբ է մտադիր այցելել տարածաշրջան, հաղորդում է «Թրենդը»: