13 մայիսի 2017 - 12:31 AMT
Բակո Սահակյանն ու Կասպրշիկը քննարկել են իրավիճակը շփման գծում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Մայիսի 12-ին և լույս 13-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: Բացի այդ, վերջին օրերին հակառակորդը կիրառել է ականանետեր, հակատանկային նռնականետեր, կատարել տանկերի տեղաշարժ և այլն:

Նախորդ օրը՝ մայիսի 12-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը ևս ընդունել է դեսպան Կասպրշիկին:

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանն ուշադրություն է հրավիրել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիացած դեպքերին։Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ 2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում և 2016 թ. հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հրատապությունը։Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեության վերաբերյալ մի շարք հարցերի։