14 մայիսի 2017 - 21:58 AMT
Նախընտրական հիմնադրամներին դրամական փոխանցումներն ու ծախսերը հրապարակվել են

ԵԼՔ դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 7 միլիոն 279․000 դրամ, ծախսվել է 7 միլիոն 64․ 839 դրամ, մնացորդը կազմում է 214․161 դրամ։ Այս մասին ԿԸՀ-ում հայտարարել է հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը։

Նա ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում առաջադրված երկու կուսակցության և մեկ կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներին կատարված դրամական փոխանցումներն ու ծախսերը:

Այսպես՝ «Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 2 միլիոն 634․ 200 դրամ, ծախսվել է 1 միլիոն 734․135 դրամ, մնացորդը կազմում է 900․65 դրամ, գրում է Aysor.am-ը:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին, ապա փոխանցվել է 96 միլիոն 189․ 510 դրամ, ծախսվել է 94 միլիոն 488․920 դրամ, մնացորդը կազմում է 1 միլիոն 700․590 դրամ:

Մայիսի 14-ին՝ ժամը 20։00-ին, ավարտվել են Երևանի ավագանու ընտրությունները։ Ընտրություններին մասնակցում էր երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 842․147 քաղաքացուց ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնացել է 290․737-ը, այսինքն՝ ընտրողների 34.52%-ը։

Կարդացեք նաև՝Որքա՞ն գումար են ծախսել ՀՀԿ-ն, «Ելքը» և «Երկիր ծիրանին» Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում