Մայիսի 17-ին` ժամը 11:00-15:00-ին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և Հայաստանի hատուկ oլիմպիադաները Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում անց են կացնելու Հայաստանում հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների միջև առաջին մեծածավալ սպորտային նախաձեռնության եզրափակիչ մրցումները:
Բացման արարողությունը տեղի կունենա ժամը 12:00-12:30-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, կրթության և գիտության նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ (հասցե՝ Երևան, Կողբացու 69):
Հաղթող թիմերի մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա ժամը 14:00-ին:
Միջոցառմանը մասնակցելու են 170 երեխա իրենց ընտանիքների հետ, ֆիզիկական դաստիարակության ուսուցիչներ և տնօրեններ Երևանի 17 դպրոցից, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կամավոր ուսանողներ և այլ գործընկեր կազմակերպություններ:
2016-2017թթ.-ի ընթացքում 8-14 տարեկան երեխաները մասնակցել են ներառական սպորտի միջոցառումներին իրենց համայնքներում Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կամավոր ուսանողների աջակցությամբ: Սա Հայաստանում իրականացված առաջին մեծածավալ փորձն է և հիմք է հանդիսանալու նմանատիպ միջոցառումների անցկացման համար հանրապետության ամբողջ տարածքում:
Ծրագիրը ներառել է վերապատրաստական դասընթացներ միջնակարգ դպրոցների ուսուցիչների համար՝ տրամադրելով նրանց ներառական սպորտի մոդելի իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
«Հատուկ Օլիմիպիադաները», որը հիմնադրվել է 1968թ.՝ Յունիս Քենեդի Շրայվերի կողմից, աշխարհի ամենամեծ միջազգային կազմակերպությունն է, որը սպորտն օգտագործում է որպես մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և մեծահասակների սոցիալական ներառման գործիք: Իր գործունեության առանցքում դնելով համայնքային ծրագրերը, դպրոցական կրթությունը, առողջության բարելավումն ու հանրության վերաբերմունքի փոփոխությունը՝ «Հատուկ Օլիմպիադաներն» արդեն իսկ ապացուցել է անհատների կյանքն ու համայնքները փոխելու իր արդյունավետությունը:
169 երկրում ավելի քան 4.7 միլիոն մարզիկներ մարզվում և մրցում են Օլիմպիական ոճի 30 ամառային և ձմեռային սպորտաձևերում՝ մասնակցելով տեղական, ազգային և միջազգային նշանակության միջոցառումների: