14 նոյեմբերի 2007 - 18:56 AMT
ՆԱՏՕ-ն կօժանդակի Հարավային Կովկասի երկրներին գերարագ Ինտերնետի ապահովման գործում
ՆԱՏՕ-ն Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին 1,9 մլն եվրո կտրամադրի օպտիկամանրաթելային մալուխի վարձակալման համար` այդ երկրների կրթական եւ գիտական հաստատություններում գերարագ Ինտերնետի ապահովման նպատակով: Ինչպես չորեքշաբթի Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ցանցերի ասոցիացիայի գլխավոր քարտուղար, Հարավային Կովկասի երկրների գծով ՆԱՏՕ-ի խորհրդական Յացեկ Գաեւսկին, նման որոշում է կայացվել նոյեմբերի 12-14 Երեւանում անցած «Հայաստանի հետազոտական եւ կրթական ցանցեր` ձեռքբերումները, խնդիրները եւ լուծումները» թեմայով խորհրդաժողովում:

Նրա խոսքերով, ծրագիրը կիրականացվի երեք հարավկովկասյան երկրների կողմից համաֆինանսավորման սկզբունքով, որոնք հարկ կլինեն ավելացնել ՆԱՏՕ-ի տրամադրած գումարի մոտ 20 տոկոսը, այսինքն մոտավորապես` 150 հազարական եվրո:

«Մասնավորապես, Հայաստանն իր կողմից կտրամադրի մոտ 150 հազար եվրո: Եթե հայկական կողմը կարողանա հայթայթել հարկավոր գումարը, դա կվկայի այն մասին, որ նա շահագրգռված է այս նախագծով»,-ասել է Գաեւսկին:

Նա նշել է, որ ծրագիրը կիրականացվի երկու փուլերով: «Առաջին փուլը կտեւի 2 տարի, եւ նախատեսում է մալուխի վարձակալություն եւ գերարագ Ինտերնետով հայկական բուհերի եւ գիտական հաստատությունների ապահովում»,-ասել է Գաեւսկին` հավելելով, որ ծրագրի հաջող իրականացման համար Հայաստանը պետք է իր կողմից ապահովի անհրաժեշտ սարքավորումներն ու համագործակցություն հաստատի բուհերի միջեւ:

Նա ընդգծել է, որ մալուխի շահագործումը թույլ կտա Հայաստանի գիտական եւ կրթական կառույցներին արդեն 2008 թվականի գարնանից օգտվել գերարագ Ինտերնետից` վայրկյանում 34 Մբիտ թողունակությամբ:

Նրա խոսքերով, երկրորդ փուլը նախատեսում է սեփական մալուխի անցկացում, ինչը կարժենա մոտավորապես 20 մլն եվրո: «Դա նշանակում է, որ Հայաստանին անհրաժեշտ է մինչ այդ հավաքել շուրջ 3 մլն եվրո»,-ասել է Գաեւսկին, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: