Ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմը խանգարում է Վրաստանի երեխաների շրջանում անգլերենի տարածմանը: Այդպիսի կարծիք է հայտնել Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան:
Կրթության նախարարը ելույթ է ունեցել Թբիլիսիում Քաղաքացիական լուսավորության ուսուցիչների համաժողովում:
«Վերջերս հանդիպել եմ միջազգային մի քանի կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնք նպաստում են օտար լեզուների տարածմանը, և հարցրել եմ, թե ով է նրանց ամենամեծ մրցակիցը: Անգլերեն լեզվի տարածմամբ զբաղվող American councils-ի հիմնական մրցակիցը «Մաշան և արջը» մուլտֆիլմն է»,-հայտարարել է Ջեջելավան:
Ըստ նախարարի, մուլտֆիլմը նախկինի պես վրաստանաբնակ երեխաների ամենասիրած մուլտիֆիլմերի շարքում է: «Այն շատ է պահանջված: Հավանաբար, ունեք երեխաներ և թոռներ և տեսնում եք, որ «Մաշան և արջը» հաղթում է American councils-ին և հաղթում է բարձր մակարդակով»,-ասել է Ջեջելավան, գրում է «Sputnik-Գրուզիան»:
Նախարարն առաջին անգամը չէ անդրադառնում «Մաշան և արջը» մուլտֆիլմին: Ավելի վաղ Ջեջելավան հայտարարել էր, որ Վրաստանի մանկապարտեզները պատշաճ կերպով չեն կատարում իրենց պարտականությունները և «Մաշան և արջը» մուլտֆիլմով են դաստիարակում երեխաներին: