15 նոյեմբերի 2007 - 16:38 AMT
Թուրքիան հայկական ինքնաթիռների համար օդային միջանցքի փակումը մեկնաբանել է անվտանգության նկատառումներո՞վ
Հայաստանի Արտգործնախարարությունը դիմել է Թուրքիայի ԱԳՆ պատճառաբանություններ պահանջելով Երեւան-Բեյրութ եւ Երեւան-Հալեպ ռեյսերի համար օդային միջանցքի փակման հարցով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, թուրքական կողմը դեռ որեւէ բացատրություն չի ներկայացրել:

Նոյեմբերի 13-ին Երեւան-Բեյրութ չվերթն իրականացնող «Արմավիա» ընկերության ինքնաթիռը ստիպված էր վերադառնալ Երեւան, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել օգտագործել Թուրքիայի օդային միջանցքը:

Մինչ դեռ, տեղեկացված աղբյուներից PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել, որ թուրքական կողմը հայկական ինքնաթիռների համար օդային միջանցքի փակումը մեկնաբանել է անվտանգության նկատառումներով, քանի որ Հայաստանից Սիրիա ավիաչվերթերը իրականացվում են քուրդ գրոհայինների կողմից վերահսկվող տարածքի վրայով: