18 մայիսի 2017 - 09:30 AMT
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ, հաստոցավոր հակատանկային նռնականետ և 82 մմ ականանետ է կիրառել

Մայիսի 17-ին և լույս 18-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց:

ԱՀ ՊՆ հաորդմամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (23 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ Դ-44 տիպի հրանոթ (18 արկ) և 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ի պատասխան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ: