18 մայիսի 2017 - 12:53 AMT
Սարգսյան. 2040-ին առնվազն 4 միլիոն բնակիչ ունենալ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ասել է, որ առաջիկա տասնամյակների համար գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը:

«Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040-ին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի», - ասել է նախագահը:

Նրա խոսքով, նախորդ 25 տարիների ժողովրդագրական իրավիճակի ընթացքը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, իսկ արդյունքները խիստ մտահոգիչ և անընդունելի են:

Սարգսյանի խոսքով, այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում և կյանքի տևողության երկարացում, և 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում:

«Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառումների մշակում և իրականացում, որոնք ի տարբերություն նախորդ 25 տարիների, հաջորդ 25 տարիներին և հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում», - նշել է նախագահը:

Նա նաև նշել է, որ նվազագույն աշխատավարձի և աղքատության վերին շեմի հարաբերակցությունը պետք է շարունակաբար աճի՝ հասնելով 190 տոկոսի մինչև 2022 թվականը և 300 տոկոսի՝ մինչև 2040 թվականը:

ՀՀ բնակչությունը 2016-ին նվազել է 0.4%-ով: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 2.986.500 մարդ: 2016-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել էր 2.998.600 մարդ, հուլիսի 1-ի դրությամբ՝ 2.995.100 մարդ:

Այսպիսով, 1 տարում ՀՀ բնակչությունը նվազել է 12100-ով կամ 0.4%-ով, կես տարում՝ 8600-ով կամ 0.28%-ով: 2015 թվականին ՀՀ մշտական բնակչությունը նվազել էր 12.000-ով կամ 0.4%-ով:

Ընդ որում, Երևանի բնակչությունը շարունակում է աճել. 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմելով 1.075.900 մարդ՝ 2016-ի հունվարի 1-ի 1.073.700 համեմատ:

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը 2017-ի մայիսին ասել էր, որՏարեկան միջինը մոտ 30.000 մարդ արտագաղթում է Հայաստանից:

Կարդացեք նաև՝ Նախագահ. ՀՀ-ն պատրաստ է ԼՂ հարցում փոխզիջմանը, այլ ոչ թե միակողմանի զիջումների