18 մայիսի 2017 - 14:01 AMT
Նախագահը պաշտպանության փոխնախարարներ է նշանակել

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին երկու հրամանագիր է ստորագրել՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարներ նշանակելով:

Մասնավորապես, հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ ՀՀ կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը, նախագահը որոշել է Արտակ Դավթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ:

Նույն հիմքով և մեկ այլ որոշմամբ նախագահը Արտակ Զաքարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ մայիսի 18-ին ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը: