18 մայիսի 2017 - 18:44 AMT
«Սահլևս»-ը 230 մլն դրամի կրակայրիչներ կարտադրի. Աշխատելու են նաև դատապարտյալ կանայք

Կառավարության որոշմամբ «Սահլևս» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Ընկերությունը ներմուծվող սարքավորումն օգտագործելու է կրակայրիչների արտադրության համար։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 230 մլն դրամ, որից 130 մլն դրամն իրացվելու է ՀՀ տարածքում, 80 մլն դրամը՝ ԵԱՏՄ երկրներում, 20 մլն դրամը՝ երրորդ երկրներում։

Նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ. աշխատելու են նաև կանանց գաղութի դատապարտյալները։ Արտոնություն ստանալու համար ներկայացված սարքավորումների և հումքի արժեքը կազմում է 170.000.000 դրամ:

Նույն արտոնությունից կօգտվի նաև «Ֆարմատեք» ՓԲԸ, որը հումքն օգտագործելու է դեղագործության ոլորտում։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 2 մլրդ 800 մլն դրամ: Նախատեսվում է իրականացնել 900 մլն դրամի ներդրում, ստեղծել 9-10 նոր աշխատատեղ՝ 160 000 դրամ միջին աշխատավարձով։

Կառավարության մեկ այլ որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Գրին Փաուր» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Ընկերության նպատակն է ՀՀ, Սյունիքի մարզում Մեղրի համայնքում կառուցել 3,5 ՄգՎտ փոքր հիդրոէներգոկասկադ, որը նախատեսում է կատարել ընդհանուր մոտ 1 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 311,4 մլն դրամ։

Արդյունքում կստեղծվի մոտ 13 աշխատատեղ` 82 հազար դրամ միջին աշխատավարձով: