19 մայիսի 2017 - 09:41 AMT
Զախարովա. ԼՂ շփման գծում հրադադարը խախտվել էր Ադրբեջանի նախաձեռնությամբ

Ռուսաստանը` որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ երկիր, դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և կողմերին կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ հակամարտության գոտում հետագա էսկալացիայի և լարվածության կանխարգելման համար:Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տիրող լարվածությանը:

«Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմը գնդակոծել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտը, ինչին համապատասխանաբար արձագանք է տվել մյուս կողմը»,- ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը` ընդգծելով, որ միջադեպի ժամանակ գրանցված զոհերի մասին երկկողմ տվյալները հակասում են իրար:

«Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման հնարավորությանը, դեռևս հայտարարելու ոչինչ չկա, եթե նման հանդիպում նախատեսվի, այդ մասին կհայտարարենք», - ընդգծել է Զախարովան:

Մայիսի 15-ին շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել էր «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել էր մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:

Մայիսի 17-ին հայկական կողմը հրապարակել էր ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների տեսանյութը, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ:

Կարդացեք նաև՝ ԵԱՀԿ ՄԽ-ի առաջին հասցեական քննադատությունն Ադրբեջանի հասցեին. Շփման գծի ուղղությամբ հրթիռ է արձակվել