19 մայիսի 2017 - 11:14 AMT
ԶԼՄ-ներ. Փարիզի բնակչուհիները բողոքում են միգրանտների սեռական բնույթի նկրտումներից

Փարիզի թաղամասերից մեկի բնակչուհիները (այդ թաղամասում է գտնվում աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Սաքղե Քյոր եկեղեցին) զանգվածաբար բողոքում են փողոցներում ագրեսիվ պահվածքով միգրանտների և փողոցային վաճառողների սեռական բնույթի նկրտումներից, հայտնում է Parisien-ը:

Ըստ պարբերականի, արդեն բավական տևական ժամանակ է, ինչ Փարիզի Շապել-Պաժոլ թաղամասի կանայք փողոցում ֆիզիկական և վերբալ ագրեսիայի են ենթարկվում ներգաղթյալների, ապօրինի փողոցային առևտրով զբաղվողների կողմից, որոնց պատճառով երբեմնի հանգիստ թաղամասը փոխել է իր կերպարանքը:

Ինչպես պատմել են թաղամասի բնակիչները, շատերը վախենում են փողոց դուրս գալ, երեխաներին առանց ուղեկցության դպրոց ուղարկել, ոմանք փոխել են իրենց սովորական երթուղին, ոմանք՝ հանդերձանքը: Երեկոյան ժամերին փողոց դուրս գալը վտանգավոր է դարձել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ բնակչուհիներից մեկի, նրա մազերի մեջ ծխացող ծխախոտ են նետել, մյուսին սպառնացել են դանակով, տարեց կնոջ դեմ սեռական բնույթի հարձակում են գործել:

Ոստիկանությունը տարեսկզբից արդեն 110 ստուգայց է կատարել թաղամասում, ավելի քան 880 մարդ է ձերբակալվել: Սակայն թաղամասի բնակիչներն արդյունավետ չեն համարում ոստիկանությանը դիմելը: