16 նոյեմբերի 2007 - 19:01 AMT
Մոտ ապագայում Փարիզում արեւմտահայերի համագումար է հրավիրելու
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայոց Մեծ Եղեռնից փրկված արեւմտահայերի ժառանգների ներկայացուցիչների համագումարի նախապատրաստման եւ անցկացման կազմակերպչական կոմիտեի գործադիր ղեկավար Կարեն Միքայելյանին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Կարեւորելով համաշխարհային հայության հատվածների միջեւ կապերի եւ փոխգործակցության խորացումը, համազգային նպատակների եւ ծրագրերի իրականացման գործում նրանց միջեւ աշխատանքների եւ դերերի բաշխումը, Կարեն Միքայելյանը վարչապետին է ներկայացրել մոտ ապագայում Փարիզում արեւմտահայերի համագումարի հրավիրման կազմկոմիտեի 2000թ.-ից մինչեւ հիմա տարված աշխատանքների արդյունքները եւ առաջիկա ծրագրերը: Հանդիպման ժամանակ վարչապետին ներկայացվել է նաեւ կազմկոմիտեի կողմից հրատարակված փաստաթղթերի ժողովածուն, որ պարունակում է 1917 եւ 1919թթ. Երեւանում կայացած Արեւմտահայերի առաջին եւ երկրորդ համագումարների եւ 1919-20թթ. Փարիզում կայացած Ազգային համագումարի սղագրությունները, որոնց դասերը շատ կարեւոր են եւ ուսանելի ներկայիս գործելակերպի համար: Կարեւորելով նախորդ համագումարների ընդհատված գործընթացը շարունակելու եւ նոր համագումար հրավիրելու նախաձեռնությունը` Սերժ Սարգսյանը նշել է, որ արեւմտահայերի լիազոր ներկայացուցչական մարմիններ` Արեւմտահայ Ազգային ժողով, Ազգային խորհուրդ հիմնադրելու համար անհրաժեշտ է նախապատրաստական մեծ եւ լուրջ աշխատանք կատարել հայ համայնքներում` նախապես քննարկելով համագումար հրավիրելու հետ կապված կարեւոր խնդիրները: