19 մայիսի 2017 - 12:42 AMT
Թուրքիան չի մասնակցի Ռաքքայի գործողությանը քրդերի պատճառով

Թուրքիան չի մասնակցի սիրիական Ռաքքայի ազատագրմանը «Իսլամական պետության» զինյալներից, եթե ԱՄՆ-ն մտադիր է գործողությանը մասնակից դարձնել նաև սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատներին (YPG): Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք քննարկել ենք ԱՄՆ այցի ժամանակ Ռաքքայի գործողությունը և տեսանք, որ ԱՄՆ-ն զգայուն է այդ հարցում: Մենք ասացինք, որ եթե քրդերի ջոկատները մասնակցեն գործողությանը, Թուրքիան չի մասնակցի: Եթե այդպիսին է ձեր որոշումը Ռաքքայի հարցում՝ ուրեմն, հաջողություն ձեզ»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում արդյունաբերողների առջև, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ հաշվի առնել քրդական զինված կազմավորումների՝ YPG և PYD, շահերը Սիրիայում հակամարտության կարգավորման ընթացքում: «Թուրքիան երբեք չի ընդունի YPG և PYD շահերը տարածաշրջանում: Դա հակասում է գլոբալ համաձայնությանը, որին մենք հասել ենք: Մենք չպետք է թույլ տանք այդ խմբերին շահարկել կրոնական ու ազգային գործոնները տարածաշրջանում՝ որպես պատրվակ ընդունելով ահաբեկչության դեմ պայքարը»,-հայտարարել է Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ավարտին

Մայիսի 10-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարեց, որ ԱՄՆ-ն զենք կմատակարարի քրդերին, քանի որ քրդերը միակ ուժն են, որն առաջիկայում հաջողությամբ կպաշարի Ռաքքան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում գործող քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: ԱՄՆ ՊՆ-ն լիազորություններ է ստացել զինելու Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատներին ամեն անհրաժեշտ սպառազինությամբ՝ երաշխավորելու համար ԻՊ հանդեպ հաղթանակը Ռաքքայում:

Ընթերցեք նաև. Էրդողան. Թուրքիան հաշվի չի առնելու քրդերի շահերը Սիրիայում