19 մայիսի 2017 - 15:07 AMT
Նալբանդյանը՝ Յագլանդին. Մերժելով հետաքննության մեխանիզմը՝ Բաքուն ուզում է խույս տալ պատասխանատվությունից

Բաքուն անում է ամեն հնարավորը՝ խաղաղության գործընթացը խաթարելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպմանը:

Նալբանդյանը աշխատանքային այցով Կիպրոսում է։

Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման նպատակով համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Բաքուն անում է ամեն հնարավորը՝ խաղաղության գործընթացը խաթարելու ուղղությամբ։ Հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական պահանջերին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անվանական մատնանշել զինադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու նախահարձակ կողմին։ «Մերժելով հետաքննության մեխանիզմի ստեղծումը՝ Ադրբեջանը ցանկանում է խույս տալ իր կողմից զինադադարի պարբերական խախտումների պատասխանատվությունից, սակայն եռանախագահների երեկ տարածած ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին», - շեշտեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվել են Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությանը առնչվող մի շարք հարցեր։ Այդ համատեքստում անդրադարձ է արվել Հայաստան - Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանը։

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկել են կազմակերպության առջև ծառացած մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորությունը: ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։

Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին ներկայացրել է Հայաստանում ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Նա բարձր է գնահատել ժողովրդավարական հաստատությունների և ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի կողմից տրամադրված փորձագիտական աջակցությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել ԵԽԽՎ-ում ընթացող զարգացումներին և ԵԽ խորհրդարանական վեհաժողովի հանդեպ վստահության վերականգման նպատակով գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությանը։

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից ու Ռիչարդ Հոգլանդն ԱՄՆ-ից հայտարարություն են տարածել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման վերաբերյալ՝ առաջին անգամ հասցեական քննադատություն հնչեցնելով հրադադարի ռեժիմը խախտող ու սադրանքների դիմող Ադրբեջանի հասցեին:

«Տարբեր վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի ուղղությամբ հրթիռ է արձակել՝ հարվածելով ռազմական տեխնիկային»,-ասվում է հայտարարության մեջ:

Ընթերցեք նաև. ԵԱՀԿ ՄԽ-ի առաջին հասցեական քննադատությունն Ադրբեջանի հասցեին. Շփման գծի ուղղությամբ հրթիռ է արձակվել