19 մայիսի 2017 - 18:38 AMT
Քրգործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով

Հայկական ժամանակ օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով:

Այսպես, մայիսի 15-ին Հայկական ժամանակ օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում, ապա` բացատրություն է տվել այն մասին, որ մայիսի 14-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 10/29 ընտրատեղամասում իր բջջային հեռախոսով տեսագրություն է կատարել:

Այդ ընթացքում երիտասարդ անձը հրել է լրագրողին, հարվածել, խանգարել տեսանկարահանելուն՝ փորձելով վերցնել վերջինիս հեռախոսը՝ այդպիսով խոչընդոտելով զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի մասնագիտական օրինական գործունեությանը:

Բռնություն գործադրելով զուգորդված` զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ ԶԼՄ-ի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և առերևույթ ընտրակաշառք տալու դեպքերի առթիվ: